Հիմնական էջ

Գրականութեան պատմութիւնը նման է լեռնապարի. որքան հեռանում ենք այս ու այն բլուրից կամ սարից, նոյնքան փոքրանում են դրանք: Սա, դժբախտաբար, ընդհանուր կարգ է: Իսկ արտակարգերը սակաւ են այնքան, որ իւրաքանչիւր ժողովրդի մէկ հատ էլ չի ընկնում: Մենք, իբրեւ ժողովուրդ, մեզ կարող ենք բախտաւոր համարել, որովհետեւ ունենք այդպիսի մէկը. անունը` Գրիգոր Նարեկացի։

Նա նման չէ նոյնիսկ... Արարատին, որ հեռաւորութեան ու միջոցի մէջ նոյնպէս փոքրանում է:

Նա նման է... հորիզոնի. որքան հեռանում ես իրենից, նոյնքան մօտենում է ինքը, եւ ինչքան մօտենում ես իրեն, այնքան հեռանում է նա՝ մնալով միշտ անհաս եւ անմատոյց, երբեք չփոքրացող եւ միշտ բացարձակուող: Ուստի եւ իր հանդէպ մշտարծարծուող մեր զգացմունքը յար եւ նման է իր իսկ զգացմունքին առ Աստուած. «ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՄ ՈՒ ՉԵՄ ՀԱՍՆՈՒՄ»: Ուստի եւ նա, ահաւասիկ աւելի քան մէկ հազարամեակ, իր երկրպագուների համար մնում է նոյնը, ինչպիսին էր իրեն համար իր երկրպագեալը՝ «ԱՆՄԱՏՉԵԼԻ ՀԵՌԱՒՈՐ ԵՒ ԱՆԸՆԴՄԻՋԵԼԻ ՄԵՐՁԱՒՈՐ»:

Շատ քիչ է ասել, թէ նա մեր առաջին մեծ բանաստեղծն է: Նրա ծննդից անցել է 1000 եւ 20 տարի, այդ ընթացքում նրան երկնած ժողովուրդը ծնել է գէթ 20 մեծ բանաստեղծ, բայց առ այսօր վերստին նոյն ինքն է բոլոր այդ մեծերի մէջ մեծագոյնը. «Ի՞նչ իմանաս Ստեղծողի գաղտնիքները անմեկին»...
 

Պարոյր Սեւակ
(«Վարք մեծաց», «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթ, 1965 թ., յունուարի 23)