Կենսագրութիւն

ՍԲ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (հաւանաբար՝ 947–1003-ից յետոյ), բանաստեղծ, մեկնիչ, երաժիշտ, Հայ Առաքելական Եկեղեցու տօնելի սուրբ, Խոսրով Անձեւացի եպիսկոպոսի կրտսեր որդին: Ենթադրւում է, որ ծնունդով եղել է Վասպուրական աշխարհի Ռշտունեաց գաւառի Նարեկ գիւղից կամ Անձեւացեաց գաւառից: Յիշատակարաններում իրեն կոչել է «Նարեկայ վանից վանական» (այստեղից էլ «Նարեկացի» անուանումը): Կրթութիւնը ստացել եւ իբրեւ կուսակրօն հոգեւորական դաստիարակուել է Նարեկավանքի բարձր տիպի դպրոցում՝ վանահայր եւ ուսուցչապետ Անանիա Նարեկացու (հաւանաբար մօր հօրեղբօր որդու) խնամակալութեամբ: Ուսումնառութեան ընթացքում ի յայտ է բերել բացառիկ ընդունակութիւններ, իւրացրել ոչ միայն հայ մատենագրութեան արժէքները, Սուրբ Գիրքն ու թարգմանական մեծահարուստ գրականութիւնը, այլեւ, քաջ տիրապետելով յունարէնին, հաղորդակցուել բիւզանդական մշակոյթին: Բանաստեղծի յիշատակարաններից կարելի է եզրակացնել, որ նրա կեանքն անցել է վանական միջավայրում, բայց չի մեկուսացել եկեղեցաքաղաքական իրադարձութիւններից: 977-ին Անձեւացեաց Գուրգէն թագաւորազն իշխանի (990–1003-ին՝ Արծրունեաց թագաւոր) պատուէրով գրել է Երգ երգոցի մեկնութիւնը, իսկ 983-ին Մոկաց աշխարհի Ապարանից Ս. Խաչ վանքի նաւակատիքի առիթով տեղի Ստեփանոս եպիսկոպոսի պատուէրով՝ վանքի հիմնադրման ու կառուցման պատմութիւնը: Հաւանաբար 990-ական թթ. կէսին գրել է Մոկաց աշխարհի Կճաւայ վանքի վանահօրն ուղղած դաւանական թուղթը (ընդգրկուել է «Գիրք թղթոց» ժողովածուում), մերժել ու հերքել թոնդրակեցիների աղանդը, բացառել հանդուրժող վերաբերմունքն այդ հերձուածի հետեւորդների նկատմամբ: Գրիգոր Նարեկացին եղել է իր դարաշրջանի համահայկական եկեղեցական խնդիրներով շահագրգիռ գործիչ: Միաբանութեան պարտականութիւններից ազատ ժամանակ առանձնացել է Վանայ լճից հարաւ, Նարեկայ վանքից հիւսիս գտնուող լեռան ճգնարան-քարայրում եւ բանաստեղծի իր ներանձնացումն ապրել: Դժուարամատչելի այդ ճգնարանը դարեր շարունակ եղել է ուխտատեղի: Ըստ յիշատակարանի՝ մահացել է «Մատեան ողբերգութեան» պոեմն աւարտելուց յետոյ: Գերեզմանը գտնուել է Նարեկայ Ս. Աստուածածին եւ Ս. Սանդուխտ եկեղեցիների հարեւանութեամբ նրա յիշատակին կառուցուած մատուռ-եկեղեցում, որը 1915-ից յետոյ վանքի ողջ համալիրի հետ իսպառ աւերուել է:

Գրիգոր Նարեկացին XII դ. կէսից ոչ ուշ դասուել է սրբերի շարքը. նրա ստեղծագործութիւնը ողջ միջնադարում արժանացել է մեծագոյն փայփայանքի, պահպանուել գրեթէ անկորուստ: Մեզ են հասել նրա երկերի բազմաթիւ ընդօրինակութիւններ: Միայն «Մատեան ողբերգութեան» երկի գրչագիր ընդօրինակութիւնները (առանց հատուածական ձեռագրերի) անցնում են 150-ից: Այն հրատարակուել է գրաբար (աւելի քան 60 անգամ), աշխարհաբար (արեւմտահայերեն եւ արեւելահայերեն), թարգմանուել ու տպագրուել բազմաթիւ լեզուներով (ֆրանս., անգլ., պարսկ., իտալ., գերմ., իսպ., ուկր., լիտվ. եւն), XIII դ. 2-րդ կէսից սկսած՝ բազմիցս մեկնաբանուել:

Գ. Նարեկացու ստեղծագործութիւնների նկատմամբ հետաքրքրութիւնը պայմանաւորուած է բացառիկ գեղարուեստականութեամբ: Նրա լաւագոյն տաղերն ու մեղեդիները եւ «Մատեան ողբերգութեան» պոեմը (XVIII դարից ժողովուրդն այն անուանել է «Նարեկ») հայ միջնադարեան քնարերգութեան զարգացման նոր փուլ են նշանաւորել՝ արտացոլելով մարդու հոգեւոր-իմացական եւ զգացմունքային աշխարհը, բարձր անհատի փիլիսոփայական ներթափանցումները կեանքի գաղտնիքների մէջ:

....Գ. Նարեկացին Ժ դարի 2-րդ կէսին հայ հոգեւոր երգի նոր ժողովածուի՝ Գանձարանի կամ հոգեւոր Տաղարանի սկզբնաւորողն է: Պահպանուած 36 բանաստեղծութիւնները (5-ի հեղինակային պատկանելութիւնը երկբայելի է) ցոյց են տալիս, որ նա է ստեղծել յիշեալ ժողովածուի համակարգը՝ գանձարանային շարքերով, որոնցից իւրաքանչիւրը՝ գանձ-տաղ-մեղեդի եւ յորդորակ, միաւորներով համապատասխանում է եկեղեցական տօնակարգին: Ամէն շարք (կարգ) խօսքի եւ երաժշտութեան մի ցիկլ է: Իր բանաստեղծութիւնների համար Գ. Նարեկացին ինքն է յօրինել երաժշտութիւնը. բանաւոր աւանդուելով՝ պահպանուել են նրանցից միայն վեցի մեղեդիները եւ ձայնագրուել նոր ժամանակներում (միւսների երաժշտութիւնը անյայտ է՝ խազերի վերծանուած չլինելու պատճառով): Բանաստեղծութիւններում, առաւելապէս տաղերում ու մեղեդիներում, Նարեկացու նպատակը մարդու ներքին բնութեան՝ յուզական աշխարհի պատկերումն է՝ կապուած քրիստոնէական հաւատի ու պաշտամունքի հետ: Գ. Նարեկացին հայ քնարերգութեան մէջ բնութեան յայտնաբերողն է: Բնութիւնը դիտում է յարափոփոխ շարժման ու արարումի մէջ: Դրա լաւագոյն օրինակը «Տաղ Վարդավառին» բանաստեղծութիւնն է, որն արտայայտում է բանաստեղծի հրճուանքը արթնացող ու փթթող բնութեան հազարերանգ գեղեցկութեան հանդէպ: Հեթանոսական ժամանակների Վարդավառը վերաիմաստաւորուել, վերածուել է Քրիստոսի Պայծառակերպութեան հանդէսի՝ նորանշանակ Վարդավառի, երբ խուռներամ վարդերը գոյնզգոյն ծաղկաթերթեր են արձակում, շուշանն է շողում հովտում եւ հովհարւում հովից: «Ջրօրհնեաց տաղը» ուրախարար աւետիսի երգ է՝ նուիրուած Աստուծոյ Որդու յայտնութեանը, ծնունդին ու մկրտութեանը:  Դա աշխարհի ու մարդկութեան նորոգման հրաւէրն է՝ նման ամէն նոր գարնանը բնութեան վերածննդին:  Քրիստոսի Մարդեղութեան տօնը հարսանիք է, եւ հարսանեաց կոչնատէրը Յովհաննէս Մկրտիչն է: Նա հրաւէր է յղում ո՛չ միայն Ադամի տան որդիներին, Տիրամօրը, մարգարէներին ու նահապետներին, այլեւ «բողբոջախիտ, խիտասաղարթ» ծառերին, յորդ աղբիւրներին ու հոյլ վտակներին: Բնութեան շարժուն ներկայութիւնը բանաստեղծութեան մէջ՝ իբրեւ խորհրդանիշ ու այլաբանութիւն, գունագեղ ու յուզական է դարձնում երգը: Ինքնատիպ է Քրիստոսի հրաշալի Յարութեան նարեկացիական ընկալումը («Տաղ Յարութեան»): Նա չի կրկնել աւետարանական պատումը, այլ թեմային հաղորդել է հայկական-տեղական տարազաւորում՝ սրբազան գործողութիւնը կապելով հայ բնաշխարհի հետ: Շքեղ սայլի վրայ բեհեզապատ աթոռակին բազմած է Արքայի Որդին՝ Յիսուս Քրիստոսը: Սայլապանն էլ «ճոճ ու ճապուկ» ճորտ է՝ Յովհաննէս Կարապետը, իսկապէս մի կտրիճ, որ կոչուած է առաջնորդելու սայլն «Ի Մասեաց յաջ կողմանէն». «Եւ ահա չշարժէր սայլիկն այն, եւ ահա չխաղայր անիւն այն»: Նարեկացին դրամատիկ է դարձրել պահը եւ անհանգիստ, բայց ահա «լայնաթիկունք, խարտիշագեղ, ահեղագոչ» ճորտը ձայնում է եզն ամոլին, եւ սայլն «անուշահոտ բուրմամբ» ընթանում, ճռնչալով մտնում է Երուսաղէմ: Տիրամայրը, Նարեկացու ընկալմամբ, երգ է՝ զարմանալի եւ «շարժվարժենի» («Մեղեդի Ծննդեան»): Բարձրաճաշակ բանաստեղծական բնութագրումների ու համեմատութիւնների առատութիւնը երգում տեսանելի ու առարկայօրէն շօշափելի է դարձնում Աստուածամօր քնարական պատկերը: Տաղերում ու մեղեդիներում Նարեկացին շռայլօրէն օգտագործել է խօսքի պատկերաւորման արտայայտչամիջոցները, բազմազան ձեւերով հարստացրել հայոց տաղաչափական արուեստը, ընդլայնել բանաստեղծութեան կառուցման հնարաւորութիւնները, կարեւորել չափածոյի երաժշտայնութիւնը՝ ստեղծելով բաղաձայն հնչիւնների հանգիտութեան չգերազանցուած օրինակներ:  Դա բանարուեստի հարուստ մի համակարգ է, որն ուղեցոյց է դարձել հայ քնարերգութեան յետագայ զարգացման համար:

Գ. Նարեկացու մեծագոյն ստեղծագործական սխրանքը «Մատեան ողբերգութեան» պոեմն է (1001-03). «...այստեղ արդէն հայի լեզուն չի, որ խօսում է, բերանը չի, որ պատմում է. կրակուած սիրտն է, որ այրւում է երկիրը բռնած, տանջուած հոգին է, որ մռնչում է մինչեւ երկինք» (Թումանեան Յ., Երկ., հ. 6, 1994, էջ 266): 95 գլխից բաղկացած երկն աղօթքի ձեւով արտայայտուած խօսք է՝ ուղղուած Աստծուն («Ի խորոց սրտից խօսք ընդ Աստուծոյ»), անկեղծ ու անմիջական խոստովանանք, աղաչանք ու աղերսանք, նաեւ փառաբանութեան երգ, մաղթանք ու տենչանք՝ իշխող ողբերգական տրամադրութեամբ: Իր ցաւատանջ ներաշխարհը, մարդկութեան ու իր փրկութեան համար տառապագին ապրումները դրսեւորելու համար նա գտել է գեղարուեստական բազմազան հնարքներ: Երկում իշխող ողբերգական շունչն արտայայտւում ու պատկերւում է միշտ նորանոր միջոցներով՝ «փոխեալ զեղանակ բանիս, այլ ոչ զեղկութիւն աղէտիս»: Իր հաւատի ու խոստովանութեան գրքում նա փիլիսոփայ-բանաստեղծ է, ընդհանուր քրիստոնեայ մարդկութեան մեղքերն ու արատները կամովին ստանձնած եւ բոլորի փոխարէն քաւող անհատ, որ շարունակ բանաստեղծութեան թարմաշունչ եղանակներ է որոնում, պատկերաւոր խօսքի հոսքեր շատրուանում՝ առանց դոյզն-ինչ ինքնակրկնման: Գ. Նարեկացին մնացել է բանաստեղծի իր անհաս բարձունքի վրայ, նա իր եսի ու համաշխարհի արտայայտիչն է, եւ «Մատեան ողբերգութեան»-ը որքան ինքնապատում է, նոյնքան էլ համապատում է՝ մեղքից ու արատից տառապող մարդկութեան փրկութեան ճիգերի մասին: Ինքնամաքրման ճանապարհը անկեղծ խոստովանութիւնն է, մեղքերի զղջումը, որը եւ ընտրել է բանաստեղծը՝ ձգտելով իր մահացու վէրքի ամբարուած շարաւը խօսքի խարանով հեռացնել, սրտի հոգեկան ցաւերից կուտակուած դառնութիւնից ազատուել: Բայց արատներն ու մեղքերը անքանակ են, անկշռելի ու անսահման: Նրանք աւելի են, քան ծովերի բազմակուտակ աւազուտների մանրահատիկները: Ու մինչդեռ աւազահատիկները զուրկ են աճելու ունակութիւնից, իր մեղքերից ու յանցանքներից ամէն մէկը, ճիշտ հակառակը, նորաժառանգ արատների անվերջ յաւելում է պայմանաւորում: Իր յանցանքները ծանրութեամբ հակակշռում են Արարատ լեռանը: Նրա հոգին բզկտւում է յուսահատութիւնից ու կասկածից, նա ընկնում է խոր երկւութեան մէջ: Աշխարհից անբաւական՝ խորհրդապաշտ Նարեկացին մերկացնում ու մերժում է արատաւոր իրականութիւնը, անխտիր քննադատում հասարակութեան բոլոր խաւերին: Մարդուն կործանումից ազատողն ու նրա փրկիչը միայն Աստուած է, որը որքան հեռու է եւ անմատչելի, նոյնքան էլ մօտ է ու անբաժանելի՝ «Անմատչելի հեռաւոր եւ անընդմիջելի մերձաւոր»: Եթէ Աստուած արդարացնում է որեւէ մէկին, ապա «ոչ ոք զօրէ դատապարտ առնել»: Քաւութիւնն ու ինքնամաքրումը տանում են դէպի Աստուած, հնարաւորութիւն ընձեռում անբաժանելիօրէն նրան միանալ, հասնել նրա լոյսին, «Աստուած իսկ լինել»:

Միջնադարում ժողովուրդը «Մատեան ողբերգութեանը»՝ «Նարեկը», համարել է «դեղ կենաց», որի օգնութեամբ ձգտել է մաքրուել հոգով, ազատուել մեղքերից եւ հասնել կատարելութեան: Գրքին վերագրուել է բուժիչ զօրութիւն, իսկ հեղինակի անունը սրբացուել է ու միջնորդ բարեխօս համարուել Աստուծոյ մօտ՝ «մեղաւոր հոգիների» փրկութեան համար: Երկի առանձին գլուխներ ու հատուածներ ընդգրկուել են ոչ միայն եկեղեցական արարողութիւնների գրքերում (Ժամագիրք, Պատարագամատոյց, Մաշտոց), այլեւ ախտարական բնոյթի ժողովածուներում (Ուրբաթագիրք, Հմայիլ, Կիպրիանոս): Հաւատացել են, որ դրանց ընթերցումով կարելի է փրկուել չար ոգիներից, փարատուել «ջերմատագնապ» ախտերից: Ընդ որում ախտարական ժողովածուներում կան ցանկեր՝ «զանազանութիւն Նարեկայ գրքոյն..., թէ ամէն մէկ գլուխ ի՛նչ գործոյ ասել օգտակար է» բովանդակութեամբ: Գրքի բոլոր գլուխներին տրուել է կիրառական նշանակութիւն՝ այս կամ այն ցաւի, պատահարի ու աղէտի դէպքում կարդալու համար: Նման ցանկեր երեւան են եկել նաեւ երկի միջնադարեան ընդօրինակութիւններում եւ վաղ շրջանի հրատարակութիւններում:

«Մատեան ողբերգութեան» երկի մի շարք գլուխներ եւ տարբեր գլուխների առանձին հատուածներ շօշափում են հոգեւոր, աստուածաբանական, դաւանական, եկեղեցական խնդիրներ: 34-րդ եւ 75-րդ գլուխներն աղերսւում են Նիկիական հանգանակի հետ  եւ ներկայացնում Նարեկացու ըմբռնումները Ս. Երրորդութեան եւ եկեղեցու մասին: 92-րդ գլուխը եկեղեցու կոչնակի ներբողն է, 93-րդը՝ սրբազան Միւռոնի փառաբանութիւնն ու պանծացումը: Երկուսն էլ յօրինուած են «թարգմանօրէն», այսինքն՝ մեկնաբանական եղանակով: 33-րդ գլխի երկու հատուածներ աղօթքի ժանրի ընտիր դրսեւորումներ են եւ ներառուել են (XII դ. վերջին քառորդից առաջ) հայոց Պատարագի արարողութեան մէջ, կատարուել իբրեւ «աղօթք, որ նախ քան զպատարագն մատուցանի»: Որոշ գլուխների տարբեր հատուածներ դիտուել են որպէս առանձին աղօթքներ եւ կատարուել ժամակարգութեան ընթացքում: Մի քանի գլուխներ յարում են ներբողի ժանրին, թէպէտեւ նրանց կապը երկի ներքին հիւսուածքին մնում է ամուր: 80-րդ գլխում Նարեկացին ներբողում է Աստուածամօրը, 81-ում՝ հրեշտակներին, 82-ում՝ առաքեալներին: Ներբողների շարքը լրացւում է բոլոր առաքեալներին եւ Յակոբ Մծբնայ հայրապետին նուիրուած ստեղծագործութիւններով, որոնք գրուած են մինչեւ  «Մատեան ողբերգութեանը»:

Գրիգոր Նարեկացին նաեւ երաժշտութեան խոշոր երեւոյթներից ու նուիրական անուններից է, որի ստեղծագործութիւնը սերտօրէն կապուած է եղել հայկ. մասնագիտացուած երգարուեստի պատմական զարգացման նախորդ (V–IX դդ.) եւ յաջորդ (XI–XV դդ.) փուլերի, ուստի եւ հազարամեայ վերելքի ողջ շրջանի հետ: Նա իր ստեղծագործութեան հզօր շերտերով նշանակալի յեղաբեկում է առաջ բերել հայոց միջնադարեան մասնագիտացուած երգարուեստում՝ յատկապէս իր տաղերով, որոնց երաժշտ. բաղադրիչներում վճռականօրէն ու տաղանդով կիրառուած է ութ ձայնի հին եղանակների համեմատութեամբ մեղեդիական ազատ, աւելի բարձր ոճը: Նրա բազմաթիւ տաղերից համեմատաբար անաղարտ մեզ են հասել միայն հինգը (մէկը՝ Ն. Թաշճեանի, չորսը՝ Կոմիտասի մեծարժէք ձայնագրութիւնների միջոցով): Դրանք են. քնարադրամատիկական «Աչքըն ծովը», լայնաշունչ վիպական «Հաւիկը», ոգեշունչ հռետորական «Ահեղ ձայնս», հեզասահ պատմողական «Սայլն այն իջանէր» եւ խոհաքնարական «Հաւուն հաւունը»: Յօրինուածքային առանձնայատկութիւնների առումով այդ տաղերում ակնառու են ձայնաելեւէջային ու կշռութային հարստութիւնը, համաձայնութային անցումների շքեղ երանգապնակը եւ ճարտարակերտութեան աւարտուածութիւնը: Տաղերը զարգացման մեծ ուղի են անցել հոգեւոր արուեստի շրջանակներում: Սակայն նախատեսուած չլինելով պարտադիր կիրառական նպատակների համար՝ ազատ են մնացել եկեղեցական կանոնական մտածողութիւնից ու աւելի անկաշկանդ հարստացել ժողովրդագուսանական աշխարհիկ արուեստից եկող կենսունակ տարրերով՝ կազմելով հայ միջնադարեան արուեստի կանոնացումից դուրս մնացած բաժնի կարկառուն հատուածներից մէկը:

Հայ Եկեղեցին սբ Գրիգոր Նարեկացու յիշատակը տօնում է Խաչվերացի հինգերորդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը՝ սուրբ թարգմանիչ վարդապետների հետ:

Պօղոս Խաչատրեան
Աղբիւր՝ «Քրիստոնեայ Հայաստան» հանրագիտարան, Երեւան, 2002 թ.