Աւանդազրոյցներ

Սբ Գրիգոր Նարեկացու մասին միջնադարից ի վեր ժողովուրդը ստեղծել է աւանդազրոյցներ: Ստորեւ ներկայացնում ենք դրանք արեւելահայերէն թարգմանութեամբ։

Ներկայացուող աւանդազրոյցների աղբիւրը Ա. Ղանալանեանի կազմած եւ 1969 թ.-ին լոյս տեսած «Աւանդապատում» ժողովածուն է: Վերջինում տեղ գտած այս զրոյցները, բացի Ե, Ի եւ ԻԲ համարներից, կամ գրաբարով են, կամ բարբառալեզու, այդ իսկ պատճառով ստորեւ ներկայացւում են դրանց արեւելահայերէն թարգմանութիւններն ու փոխադրութիւնները։ Զրոյցներին տրուել են նաեւ վերնագրեր՝ զրոյցները հեշտութեամբ տարբերակելու եւ գտնելու համար: Իւրաքանչիւր զրոյցի վերջում նշուած է դրա` Ա. Ղանալանեանի ժողովածուում տեղ գտած բնագրի սկզբնաղբիւրը:

Նկարը՝ Յարութիւն Աճեմեանի (Արիէլ) (1904-1965), «Տիրամայր Նարեկի»։
Աղբիւրը՝ www.agemianpaintings.com
Նկարի համար հիմք է ծառայել ներքոբերեալ նախավերջին՝
ԻԳ աւանդազրոյցը, որը պատմում է Գրիգոր Նարեկացուն
Տիրամօր երեւման մասին։

Ինչպէս կը տեսնէք ստորեւ բերուած մի շարք աւանդազրոյցներում, Նարեկացու մասին պատմւում է, թէ որոշ ժամանակ հովիւ է եղել։ Այս թեման, ինչպէս նաեւ ստորեւ բերուող աւանդազրոյցներից մի քանիսը գործածուած են Արտակ Աւդալեանի «Հովիւը (Գրիգոր Նարեկացի)» գեղարուեստական ֆիլմում (2012 թ.)։

 

ԱՒԱՆԴԱԶՐՈՅՑՆԵՐ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՄԱՍԻՆ

Ձագայարոյց Նարեկացին

Ա

Վերջին ժամանակներում մի քուրդ էր տիրում Նարեկին: Այդ քուրդն իր շինականին մի հաւ տուեց` թուխս դնելու, եւ հաւը ձագ հանեց ու շրջում էր իր ձագերով: Անձրեւի ահից գնաց ձագերով մտաւ պատին յենուած մի երկանաքարի տակ: Չարի ազդեցութեամբ երկանաքարն ընկաւ հաւի վրայ եւ ջարդեց հաւին ձագերով հանդերձ: Իսկ այն կինը, որ հաւը թուխս էր դրել, քրդից վախենալով, յոյսն Աստուծոյ եւ սուրբ Գրիգորի աղօթքի վրայ դնելով, մեռած հաւն իր հատուած ձագերով դրեց մի փոկէ մաղի մէջ, հաւատով առաւ-տարաւ ու դրեց սուրբ Գրիգորի գերեզմանի մօտ, իսկ ինքը վերադարձաւ իր տառապալից աշխատանքին` մտքում շարունակ աղաչելով Աստծուն ու սուրբ Գրիգորին: Երբ մէկ ժամ անցաւ, տեսաւ, որ հաւը գրգրալով գալիս է կենդանացած ձագերի հետ: Զարմանալով փառք տուեց Աստծուն եւ ձագայարոյց վարդապետ սուրբ Գրիգորին:

Սկզբնաղբիւր: Յայսմաւուրք, 1706 թ., էջ ԵՃԻ:

Բ

Մի օր մի կին գնում է կիթ անելու: Թուխս է դրած լինում, ձագերը նոր են դուրս եկած լինում: Կիթից գալիս է, տեսնում, որ ճուտիկները տեղում են, իսկ հաւը չկայ: Դես-դեն փնտրում է, հաւը թոնրում սատկած է գտնում: Հաւը դուրս է հանում, նստում վրան լալիս, ասում. «Բա ես ի՞նչ անեմ այն ճուտիկների հետ: Վերցնեմ-տանեմ Գրիգորի մօտ, ով, ասում են, հրաշք է գործում. տանեմ տեսնեմ` մի ճար չի՞ տեսնի իմ հաւին»:

Ճուտիկները փեշն է լցնում, լալով առնում-գալիս թխսմօր հետ: Առնում-գալիս է Գրիգորի մօտ: Լալիս, խնդրում ու ասում է․

- Գրիգո՛ր, Աստծո՛յ սիրուն, այսպիսի բան է եղել, մենք լսել ենք քո հրաշագործութեան մասին:

Գրիգորը կնոջն ասում է․

- Մայրիկ, լո՛ւռ կաց: Փեշդ բացի՛ր:

Կինը փեշը բացում է, Գրիգորը երեք անգամ Աստուծոյ անունն է տալիս, խաչակնքում, ասում․

- Գցի՛ր գետնին` տեսնեմ:

Գցում է գետնին: Գցուելուն պէս հաւը գը՜ռթ, գը՜ռթ անցնում է ճուտիկների առջեւով, նրանց տանում:

Կինը ծնկի է իջնում, որ համբուրի Գրիգորի ոտքերը:

Գրիգորն ասում է.

- Ձայն մի՛ հանիր, հաւն առ ու գնա՛:

Կինն առնում է հաւն ու գնում:

Սկզբնաղբիւր: Գրի է առել Սենեքերիմ Շալջեանը 1915 թ. (ձեռագիրը գտնւում է ՀՀ ԳԱ ՀԱԺԲ արխիւում):

⊛⊛⊛

Նարեկացին կենդանացնում է եզին

Գ

Գրիգոր Նարեկացին Անանիա Նարեկացու քեռորդին էր եւ Խոսրովի որդին: Սա երբ եօթ տարեկան մանուկ էր, նրան աշակերտութեան տուին Մոկաց երկրի սուրբ Եղիշէ վարդապետին, ով Կոչողաց Սուրբ Աստուածածնի առաջնորդն էր: Գրիգորն օրըստօրէ առաջադիմում էր աստուածային իմաստութեան եւ առաքինութեան մէջ եւ մանկութիւնից ի վեր մեծամեծ հրաշքներ գործում: Սուրբ Եղիշէ վարդապետի միւս սարկաւագները մի օր գալիս են վարդապետի մօտ ու պատմում նրան թէ` մանուկ Գրիգորը հրաշքներ է գործում, եւ մենք ամէնքս զարմացած ենք:

Վարդապետը կամենում է փորձել նրան: Մի օր վանքի եզն ընկնում է քարից ու մեռնում: Եղիշէ վարդապետը Գրիգորին ասում է. «Գնա այսինչ տեղը, եզն այնտեղ է, վերցրու եւ ե՛կ»: Մանուկ Գրիգորը գնում է, տեսնում` եզը մեռած է: Աստուծոյ անունն է կանչում եզի վրայ, խաչակնքում վրան, եւ Աստուծոյ հրամանով եզը կենդանանում է: Գրիգորն այն վերցնում-բերում է վարդապետի մօտ:

Սկզբնաղբիւր: ՄՄ ձեռ. թ. 9861, էջ 3ա եւ 3բ:

⊛⊛⊛

Նարեկացին` հովիւ. եզի կենդանացում

Դ

Սուրբ Գրիգորը գիշերը գաղտնի դուրս է գալիս իր քեռու մօտից ու գնում Մշոյ երկիր` Արտօնք գիւղ, եւ այնտեղ երկու տարի նախիր արածեցնում, վարձն էլ վերցնելով` տալիս աղքատներին: Չարի ազդեցութեամբ` մի օր մի տաւար է մեռնում դաշտում: Տէրը գալիս-տեսնում է եւ խիստ անարգում սրբին: Իսկ վերջինս խոնարհութեամբ ասում է․ «Ինչո՞ւ ես անարգում ինձ: Ես կը գնամ, քո տաւարը ողջացած կը բերեմ քեզ»: Տէրն ասում է. «Որտեղի՞ց պիտի բերես․ ես տեսայ, որ նա մեռած է, որ դու սպանել ես նրան»: Գրիգորն ասում է․ «Եթէ ես չբերեմ, իմ տարուայ վարձը թող քեզ լինի», եւ գնում է մեռած եզի մօտ ու աղօթում Աստծուն: Աստուծոյ հրամանով, երբ խաչակնքում է եզի վրայ, իսկոյն կենդանանում է եզը: Գրիգորն այն բերում-տալիս է տիրոջը:

Սկզբնաղբիւր: ՄՄ ձեռ. թ. 9861, էջ 7ա եւ 7բ:

⊛⊛⊛

Աղաւնիների կենդանացում

Ե

Մի քանի յաչաղկոտներ չարախօսում են Նարեկացու մասին եպիսկոպոսների եւ իշխանների մօտ: Իշխաններն ու եպիսկոպոսները հաւաքուելով` ուզում են նրան դատի մատնել․ հրաւիրակներ են ուղարկում Գրիգորի մօտ, որ նրան առնեն դատարան տանեն: Նարեկացին հեզութեամբ ընդունում է եկողներին եւ ճանապարհ ընկնելուց առաջ հացի հրաւիրելով նրանց` առաջները դնում է երկու խորոված աղաւնի: Օրն ուրբաթ է լինում․ հրաւիրակները յիշեցնում են այդ մասին Նարեկացուն: Վերջինս ներողութիւն է խնդրում, որ մոռացել է, թէ օրը պաս է, եւ ասում է, որ հիւրերը հրաման տան աղաւնիներին թռչելու: Հիւրերն, իհարկէ, այդ չեն կարողանում անել: Ինքը` Նարեկացին, նրանց տեղ հրամայում է, եւ աղաւնիները կենդանանալով թեւ են առնում ու թռչում: Եկողները, իրենց աչքով տեսնելով Նարեկացու սրբութիւնը, սարսափում են, եւ ամբաստանութիւնը խափանւում է:

Սկզբնաղբիւր: Երուանդ Լալայեան, Վասպուրական (Ազգագրական հանդէս, ԻԶ գիրք, Թիֆլիս 1916, էջ 94):

«Աւանդապատում» ժողովածուում Նարեկացու մասին Զ եւ Է զրոյցները կրկնում են Ե զրոյցի բովանդակութիւնը:

 ⊛⊛⊛

Նարեկացին` ուխտաւոր. մեռելի յարութիւն

Ը

Գրիգորը ելաւ գնաց Սուրբ Կարապետ` երկրպագելու նրա սուրբ գերեզմանին: Իր ուխտը կատարելուց յետոյ եկաւ Մուշ քաղաք: Անցնելիս տեսաւ, որ մի մեռել են տանում, մի ծեր մօրուքն է փետում, մի պառաւ` ծամերը դուրս հանում, մի հարս` քօղը գլխին գնում յետեւից, նաեւ այլ մարդիկ, եւ յոյժ լալիս են: Գրիգորը հարցրեց լացի պատճառը, եւ նրանք ասացին․ «Այս մարդն իր հօրն ու մօրը տէր կանգնողն էր եւ դեռ եօթ օր է, ինչ պսակուել էր, ու մեռաւ»: Սուրբը, տեսնելով նրանց դառը արտասուքը, գնաց նրանց յետեւից մինչեւ հանգստարանը եւ, այնտեղ արտասուքով յիշելով Աստուծոյ անունը, խաչակնքեց մեռելի վրայ, եւ վերջինս իսկոյն կենդանացաւ: Տեսնելով` ամէնքը Գրիգորի ոտքերն ընկան` փառաւորելով Աստծուն:

Սկզբնաղբիւր: ՄՄ ձեռ. թ. 9861, էջ 7բ-8ա:

⊛⊛⊛

Նարեկացին` հովիւ. որբերի կերակրում

Թ

Սուրբ Գրիգորը եկաւ հասաւ Հարզիդ գաւառ: Տեսաւ, որ գիւղացիները միմեանց հետ կռւում էին: Հարցրեց կռուի պատճառը, եւ նրանք ասացին. «Գիւղի հովիւը մեռել է, այդ պատճառով ենք կռւում, քանի որ այլ հովիւ չկայ»: Սուրբն ասում է․ «Նրա տանը մարդ չկա՞յ, որ ոչխարն արածեցնի»: Ասում են. «Ո՛չ, միայն կինն է եւ եօթ որբ»: Սուրբն ասում է․ «Կամենո՞ւմ էք, որ ես ոչխարն արածեցնեմ, իսկ դուք վարձը տաք այն որբերին»: Նրանք սիրով համաձայնում են: Սուրբն ամէն օր տանում էր ոչխարները արածեցնում գիւղի վերեւում, ոչխարները սարն էին բարձրանում, արածում, իսկ նա խնձորի ծառի տակ աղօթում էր, եւ ինչքան գայլ ու գազան տեսնում էին ոչխարներին, նրանցից փախչում էին: Երբ գալիս էր կթելու ժամանակը, ոչխարներն առանց մարդու առաջնորդութեան գալիս էին ծառի տակ` սուրբ Գրիգորի մօտ:

Մի օր գիւղացիները տեսան, որ սրբի վրայ լոյս է իջել: Գրիգորը ոչխարներն արածեցրեց մինչեւ աշուն, վարձ վերցնելով չորս քիլայ հաց` տուեց որբերին, ովքեր այդ չորս քիլայ հացը կերան եօթ տարի:

Սկզբնաղբիւր: ՄՄ ձեռ. թ. 9861, էջ 8բ-9ա:

⊛⊛⊛

Նարեկացին` հովիւ. քակորը հաց է դառնում

Ժ

Նարեկացին ժամանակին աղքատի տղայ էր եւ հօտաղ էր եղել: Եօթ տարի հօտաղութիւն արեց: Մի կամակոր եզ կար նրա տաւարի մէջ: Այդ եօթ տարուայ մէջ Նարեկացին մի օր չասաց թէ` դու վնաս ես տուել, մի օր հայհոյանք չտուեց: Ամէն անգամ, երբ հօտաղները խաղում էին, ինքը նրանցից ջոկւում էր, նստում աղօթք անում:

Մի օր հօտաղները քաղցեցին, նա գնաց մի բուռ քակոր ժողովեց, բերեց, երեք անգամ Աստուծոյ անունը կանչեց, խաչակնքեց, քակորները դարձան թարմ ու տաք լօշ: Մէկ-երկու անգամ այդպէս հաց բերեց հօտաղներին, կերան: Հօտաղները զարմացան ու ասացին․

- Գրիգոր, խնդրում ենք, դու որտեղի՞ց ես բերում թարմ տաք լօշը:

Ասում է․

- Ես գնում տնից եմ բերում, դուք գլխի չէք ընկնում:

Բայց հօտաղները կասկածով վերաբերուեցին դրան, եկան գիւղ ու պատմեցին: Հարցրին, սակայն Գրիգորը չխոստովանեց:

Սկզբնաղբիւր: Գրի է առել Սենեքերիմ Շալջեանը 1915 թ. (ձեռագիրը գտնւում է ՀՀ ԳԱ ՀԱԺԲ արխիւում):

⊛⊛⊛

Քարաժայռից բխած ու չպակասող ջուր

ԺԱ

Երկու վարդապետ ելնում գալիս են Նարեկացուն տեսնելու: Սուրբ Գրիգորը, հոգով իմանալով նրանց գալուստը, առաւօտեան ելնում ասում է միաբաններին. «Այսօր երկու վարդապետ է գալու այստեղ, դուք ասէք` Գրիգորը հաց է տարել հովուին»: Իսկ ինքը հովուական շորեր հագնում, գնում ոչխարներին հովիւ է դառնում: Երբ վարդապետները գալիս հարցնում են թէ` «Ո՞ւր է վարդապետը», միաբաններն ասում են․ «Հաց է տարել հովուին»: Գնում-տեսնում են ոչխարների հովուին եւ հարցնում նրան, թէ ուր է վարդապետը: Իսկ նա ասում է․ «Ինձ հաց բերեց ու գնաց գութանի կողմը»: Նրանք հովուից ջուր են խնդրում: Ասում է․ «Այստեղ ոչխարների մօտ մնացէք, ես գնամ ջուր բերեմ»: Գնում է ձորամիջում մի քարաժայռ տեղ: Սուրբն այդ ժամանակ կանչում է Աստուծոյ անունը, գաւազանը խփում քարաժայռին եւ ջուր բխեցնում: Ամանը լցնում է եւ բերում վարդապետներին: Նրանք առնում խմում են, եւ սրբի աղօթքով ջուրը չի պակասում ամանից. դարձեալ լի ամանով վերադարձնում են հովուին: Հովիւն ասում է․ «Դուք ծարաւ չէիք. ինչո՞ւ ջուր խնդրեցիք եւ չխմեցիք»: Նրանք ասում են. «Շատ խմեցինք, բայց քո վարդապետի շնորհն էր ընկել ջրի մէջ, այդ պատճառով էլ չպակասեց»: Ապա ասում են․ «Վեր կաց գնանք, ցո՛յց տուր Նարեկացի վարդապետին»: Հովիւը ելնում է, խաչակնքում սարի վրայ: Երկու գայլ է գալիս, ընկնում հովուի հօտի մէջ: Ասում է հովիւը․ «Դուք ոչխարն արածեցրէք, ես գնամ Նարեկացի վարդապետին ցոյց տամ»: Նա վերցնում է նրանց, գալիս գութանի մօտ, հարցնում մշակներին, թէ ինչ եղաւ վարդապետին: Նրանք ասում են. «Գնաց վանք»: Եւ նա ասում է․ «Եկէք գնանք վանք, ձեզ ցոյց տամ»: Վերցնում նրանց, մտնում է բակը եւ ասում․ «Այստեղ մնացէք, ես գնամ ասեմ նրան, որ դուրս գայ ձեզ մօտ»: Գնում է խուցը, հագնում վարդապետի զգեստը եւ դուրս գալիս, ողջունում վարդապետներին, տանում նրանց, նստեցնում:

Սկզբնաղբիւր: ՄՄ ձեռ. թ. 9861, էջ 16բ-17բ:

⊛⊛⊛

Մանուկ Գրիգորի հրաշքները

ԺԲ

Մէկ այլ օր վանքի համար առու էին բերում: Առուն հոսելով եկաւ-դեմ առաւ մի հսկայական քարի, եւ չէին կարողանում անցկացնել: [Եղիշէ] վարդապետն ասաց.

- Գրիգո՛ր, դու ել եւ գնա մշակի մօտ եւ մի հնար գտէք այդ մեծ քարից [ազատուելու] համար:

Սուրբ Գրիգորը գնաց ու տեսաւ, որ ահագին էր այդ վէմը, եւ հնարաւոր չէր մարդու [ջանքերով] առուն անցկացնել: Երեկոյեան միւս մշակները վանք վերադարձան, իսկ Գրիգորն այնտեղ մնաց: Վարդապետը հարցրեց նրանց, թէ ուր է Գրիգորը: Նրանք պատասխանեցին.

- Մնաց տեղում:

Վարդապետը երեկոյեան ելաւ-գնաց` տեսնելու, թէ ինչ է անում մանուկ Գրիգորը: Գնաց տեսաւ, որ քարի առաջ ծնկի է իջել եւ, ձեռքերը տարածած, աղաչում է Աստծուն: Երբ քարի վրայ խաչակնքեց, իսկոյն քարը պատռուեց, եւ ջուրն անցկացնելով` [Գրիգորն] այն վանք բերեց: Երբ Եղիշէ վարդապետը սա տեսաւ, Աստծուն փառք տուեց, իսկ մանուկ Գրիգորը մտքում ասաց․ «Պէտք չէր, որ իմ գործերն իմանար»:

[Գրիգորը] ելաւ-գնաց Ռշտունեաց երկիրը` իր քեռի Անանիա Շիրակվանցու մօտ, ով վանքի առաջնորդն էր: Անանիա վարդապետը Գրիգորին ասաց.

- Վե՛ր կաց, որդի, հա՛ց տար մշակներին ցորենի արտը:

[Գրիգորը հացը] վերցրեց ու գնաց մշակների մօտ: Մշակները սկսեցին ուտել եւ ասում են Գրիգորին.

- Եկ կեր եւ դո՛ւ:

Իսկ նա ասում է.

- Իմ ճաշի ժամը չէ: Դուք կերէք, իսկ իմ բաժինը պահէք:

Նրանք կերան եւ Գրիգորին բաժին չթողեցին:

Ասացին նրան.

- Ծարաւ ենք, գնա մեզ համար ջո՛ւր բեր:

Եւ նա գնաց: Իսկ նրանք նրանից գաղտնի հաւաքեցին փթիր, դրեցին գոգնոցի մէջ, ծալեցին դրեցին սեղանի վրայ եւ գնացին քաղ անելու: [Գրիգորը] ջուրը բերեց, մշակներին տուեց, իսկ նրանք ասում են.

- Գնա կե՛ր քո բաժինը, ահա թողել ենք քեզ համար:

Եւ նա գնաց, սեղանն իր առաջ բերեց, եւ Աստուծոյ անունը յիշելով՝ սուրբը խաչակնքեց վրան, բացեց եւ հաց տեսաւ, մինչ մշակները գաղտնի ծաղր էին անում: Բայց հրաշքը տեսնելով` զարհուրեցին, զարմացան եւ ընկան սուրբ Գրիգորի ոտքերը: Քաղի գործը թողեցին, եկան վարդապետի մօտ ու պատմեցին նրան Գրիգորի կատարած հրաշքի մասին:

Սկզբնաղբիւր: ՄՄ ձեռ. թ. 9861, էջ 4ա-5բ:

⊛⊛⊛

Նարեկացին` հովիւ. օգնութիւն պարտապանին

ԺԳ

Սուրբ Գրիգորը գաղտնի ելաւ գնաց Բզնունեաց երկիր` Արծկէ, Ներքին Գազոխ: Այնտեղ գիւղում մի աղքատ ու պարտապան մարդ կար: Նա ինչ մշակ կամ հօտաղ որ աշխատեցնում էր, վարձը չէր տալիս, քանի որ պարտատէրերը գալիս-տանում էին [նրա փողերը], եւ բան չէր մնում, որ տար: Ուստի այլեւս մշակ չէր մտնում նրա մօտ: Այդ մարդը, Գրիգորին տեսնելով, ասաց պատանուն.

- Ե՛կ ինձ մօտ որպէս հօտաղ, քեզ տարին 10 ղուռուշ կը տամ:

Գրիգորն ասաց.

- Դրամով չեմ դառնայ մշակ քեզ համար: Եթէ դու յանձն առնես օրը երեք անգամ գալ եկեղեցի եւ աղօթել, ես առանց վարձատրութեան քեզ համար մշակութիւն կʼանեմ:

Նա յանձն առաւ աղօթել: [Գրիգորը] երեք տարի նրա մօտ մնաց: Գրիգորի աղօթքներով այդ մարդը հարստացաւ, դարձաւ բազմաթիւ ոչխարների, գութանի, տաւարի, ձիու տէր, յոյժ ճոխացաւ եւ ազատուեց իր բոլոր պարտքերից:

Իսկ Անանիա քեռին լալով փնտրում էր Գրիգորին ամէն տեղ: Շրջելով գնաց-հասաւ Գազոխ գիւղը եւ երեկոյեան քարոզ ասաց ժողովրդին: Որպէս բնաբան գործածեց քերականութիւնը, քերականութիւնից յետոյ ոճի մասին չխօսեց, այլ խօսեց խոստովանութեան ու զղջման մասին: Երբ քարոզն աւարտուեց, դուրս եկան, մարդիկ ասում էին. «Լա՛ւ քարոզ ասաց», իսկ Գրիգորն ասում է.

- Լաւն էր, բայց խօսքը չշարունակուեց սկզբնապէս բնաբան ընտրուած քերականութեան մասին:

Այն մարդը, ում մշակն էր [Գրիգորը], գնաց վարդապետի մօտ եւ ասում է․

- Ճշմարի՞տ է, որ հրամանքդ քարոզ ասացիր, քերականութիւնը բնաբան դրեցիր, բայց յետոյ դրան չհետեւեցիր:

[Անանիա վարդապետը] զարմացաւ, թէ ո՞վ էր, որ այս բանը հասկացել էր, եւ [այն մարդն] ասաց.

- Իմ մշակը:

[Անանիա վարդապետը] հարցրեց.

- Քո մշակը որտեղի՞ց է:

Ասաց.

- Օտար է, եւ չեմ ճանաչում:

[Անանիան] ասաց.

- Ի՞նչ է նրա անունը:

- Գրիգոր,– պատասխանեց [այն մարդը]:

Դրանից հասկացաւ [Անանիա վարդապետը], որ իր քեռորդին էր նա, եւ ասաց.

- Ցո՛յց տուր ինձ նրան:

[Այն մարդը] տարաւ ցոյց տուեց [Գրիգորին]: Տեսնելով նրան` [Անանիան] ճանաչեց, լալով համբուրեց նրան եւ առաւ-տարաւ եկեղեցի` ուրախանալով նրա վրայ:

Սկզբնաղբիւր: ՄՄ ձեռ. թ. 9861, էջ 5բ-7ա:

⊛⊛⊛

Նարեկացին` ուխտաւոր. մեռած շինարարի կենդանացում

ԺԴ

Գրիգորը գնաց Մծբին քաղաք` [այցելելու] Յակոբ Մծբնայ հայրապետի գերեզմանին: Հասնելով Տիգրիս գետին` Ջզիրից ներքեւ, ուր շատ գետեր են խառնւում նրան եւ ուր կամուրջ կար գետի մի աչքի վրայ, որը «Բաւտու կամուրջ» էին կոչում` Գրիգորը, այն տեսնելով, զարմացաւ եւ նրանով անցնելիս կամուրջը շինողի համար մեղքերի թողութիւն ու արքայութիւն էր խնդրում: Տիրոջ հրեշտակը երեւաց նրան եւ ասաց.

- Սա շինողը կռապաշտ է, մեռել է եւ դժոխքում է: Բայց եթէ կամենում ես, որ Աստուած նրան արքայութիւն տայ, կենդանացրո՛ւ մեռեալին. նրա գերեզմանը կամրջի մօտ է:

Դրա տեղը ցոյց տալով` [հրեշտակը] հեռացաւ:

Գրիգորը գնաց կանգնեց գերեզմանի վերեւում, աղօթեց առ Աստուած եւ խաչակնքեց հողացած մարմնի վրայ: Աստուծոյ հրամանով [մեռածն] իսկոյն յարութիւն առաւ-կենդանացաւ: [Գրիգորը] նրան սովորեցրեց խոստովանել եւ երկրպագել Աստծուն եւ անմիջապէս մկրտելով` դարձրեց նրան Աստուծոյ որդի: Դարձեալ խաչակնքեց նրա վրայ, եւ իսկոյն մարմինը հող դարձաւ, իսկ հոգին ուղարկեց Ադամի դրախտ:

Սկզբնաղբիւր: ՄՄ ձեռ. թ. 9861, էջ 11բ-12ա:

⊛⊛⊛

Մանկան հետ կատարուած հրաշքներ Նարեկացու բարեխօսութեամբ

ԺԵ

Աղթամարից մի մարդ կար, անունը` Անդրէաս, ունէր ամուլ կին, եւ զաւակ չունէին: Կնոջը վերցրեց եկաւ Գրիգոր Նարեկացու գերեզման եւ խնդրեցին սրբից իրենց որդի տալ: Սուրբ Գրիգորի բարեխօսութեամբ` Աստուած նրանց որդի տուեց, եւ յոյժ ուրախացան ու մկրտելով անունը Գրիգոր դրեցին: Երբ մանուկը եօթ տարեկան դարձաւ, հայրն ու մայրը կամեցան մանկանը վերցնել ու գնալ սուրբի տապանը: Նստեցին նաւակ եւ Վարդավառի շաբաթ օրը հասան ծովամէջ: Չարի ազդմամբ` քամի բարձրացաւ եւ նաւակը տարաւ Արճէշի դէմ` Ղարաքաշիշի առաջ: Մանուկն ընկաւ ծովը: Հայրն ու մայրը յոյժ ողբացին, մինչեւ աչքերը կուրացան: Ելան ցամաք եւ ամէն տեղ փնտրեցին, բայց չգտան իրենց որդու մարմինը: Կսկիծով ու դառն արտասուքով ելան-յետ դարձան իրենց տուն: Սպասեցին մինչեւ միւս տարուայ Վարդավառ: Գիւղացիներն ասացին Անդրէասին.

- Որդիդ ընկաւ ծովն ու մեռաւ: Դուք լալով կուրացաք: Եկէք գնանք սրբի տապանը, որ ձեր աչքերը լուսաւորի:

Եկան-հասան վանքի ջրաղացը: Ուրիշ երեխաներ առաջ գնացին, որ համբուրեն սրբի գերեզմանը: Գերեզմանի դուռը բանալով` տեսան մանուկ Գրիգորին ջրաթաթախ նստած գերեզմանի վրայ եւ զարմացան: Ուրախութեամբ յետ դարձան, աւետիս տուին նրա ծնողներին թէ` քո մանուկը կենդանի է եւ սրբի գերեզմանի վրայ է: Նրանք չհաւատացին, մինչեւ եկան իրենց որդու մօտ: Տեսնելով` ասացին որդուն.

- Պատմի՛ր մեզ, թէ ինչ եղաւ քեզ հետ:

Նա ասաց.

- Երբ ծովն ընկայ, այլակերպ [դեւը] բռնեց ինձ եւ կամենում էր խեղդել ծովում: Այդ ժամանակ Գրիգոր Նարեկացին երեւաց` ձեռքին գաւազան բռնած, եւ սաստեց այլակերպ դեւին ու ազատեց նրա ձեռքից: Ինձ առաւ, իջաւ ծովի յատակը, գաւազանով հարուածեց գետնին, փիլոնը գցեց գաւազանի վրայ` վրան ձեւացնելով, եւ ջուրը կամար կապեց ինձ վրայ: Չորս կողմը խաչակնքեց, եւ լուսաւորուեց: Ես ես հանգստանում էի ասես լուսեղէն պալատում: Ինձ ասաց. «Դու այստեղ մնա, մինչեւ ես գնամ, ուխտաւորների խնդրանքները կատարեմ»: Երկուշաբթի օրը վերադարձաւ եւ երկու նշխար բերեց ինձ, ես կերայ եւ ուժ հաւաքեցի: Եւ այսպէս ամէն շաբաթ օր երկու նշխար էր բերում ինձ: Իսկ այսօր ինձ ասաց. «Ահա քո հայրն ու մայրն իմ գերեզմանին ուխտի են գալիս: Եկ տանեմ քեզ եւ նրանց տամ»: Ինձ վերցրեց հանեց ծովից, եւ յանկարծ ինձ տեսայ նրա գերեզմանի վրայ: Իր ձեռքի թաշկինակով ինձ նշան տուեց թէ`սրանով կը լուսաւորես ծնողներիդ աչքերը:

Երբ [ծնողները] համբուրեցին սուրբ դաստառակը, նրանց աչքերը լուսաւորուեցին: Եւ ովքեր տեսան կամ լսեցին, զարմանալով հիացան ամէնքը եւ փառք տուեցին Աստծուն ու Նարեկացի սուրբ վարդապետին:

Սկզբնաղբիւր: ՄՄ ձեռ. թ. 9861, էջ 19բ-21բ:

⊛⊛⊛

Անդամալոյծի կերպարանքով հրեշտակն ու Նարեկացու գթառատութիւնը

ԺԶ

Մի օր մի հրեշտակ է գալիս եւ անդամալոյծ, վիրաւոր մարդ ձեւանում: Գրիգորին ասում է.

- Գրիգո՛ր, խնդրում եմ, ինձ շալակիր տար Փայխըներ, ես վիրաւոր եմ, չեմ կարող:

[Գրիգորն] ասում է.

- Շա՛տ լաւ, թող տաւարն այստեղ նստի, ես քեզ կը տանեմ:

Գրիգորը շալակում է վիրաւորին, տանում Փայխըներ: Մարդն ասում է.

- Սա մեր գիւղը չէ: Ինձ տար Նորգեղ:

Տանում է, [մարդն] ասում է.

- Սա էլ մեր գիւղը չէ:

[Գրիգորը] մէջքից չի իջեցնում վիրաւորին, որ ցաւ չպատճառի: Այդպէս շալակած` առնում տանում է Բելու:

Տանում է, իսկ [մարդն] ասում է.

- Սա էլ մեր գիւղը չէ:

[Գրիգորը նրան] այդտեղից վերցնում-գալիս է, ասում.

- Բա ո՞ւր տանեմ:

- Ինձ տար Ձախաւանց:

Տանում-հասցնում է այդտեղ: Անդամալոյծը դարձեալ ասում է.

- Խնդրում եմ, սա էլ մեր գիւղը չէ, ինձ այստեղից տար մինչեւ Պատականց:

Այդտեղից տանում է Կաղազիչ: Մի խօսքով` եօթ գիւղ է տանում: Եւ բնաւ գետնին չի դնում [անդամալոյծին]:

[Վերջինս] ասում է.

- Ինձ տար այնտեղ, որտեղից շալակել ես:

Տանում է այնտեղ` տաւարի մօտ: Ծերունին իջնում է, դառնում մի ջահել տղայ եւ ասում.

- Գրիգոր, ես հրեշտակ եմ: Քեզ փորձեցի, շատ չարչարեցի: Թող Աստուած օրհնի քո ծնունդը: Ինչ որ ասես, Աստուած կը լսի: Քո արածն Աստուած ընդունեց: Եօթ տարի հօտաղ եղար, եօթ տարուայ ճգնաւորից աւելի ընդունելի եղար Աստուծոյ մօտ: Դու մի օր չասացիր եզանը` կո՛ր եզ, կամ չհայհոյեցիր: Ինչ հիւանդի վրայ որ ձեռք դնես, եթէ ապրելու է, կʼապրի, եթէ մեռնելու է, կը մեռնի: Քո հօր ու մօր յիշատակը լինես: Հօտաղութիւնդ թող, գնա գրել-կարդալու: Մէկը վերցնես, հազարը սովորես:

Օրհնում է եւ թողնում-գնում:

Սկզբնաղբիւր: Գրի է առել Սենեքերիմ Շալջեանը 1915 թ. (ձեռագիրը գտնւում է ՀՀ ԳԱ ՀԱԺԲ արխիւում):

⊛⊛⊛

Անդամալոյծի կերպարանքով Քրիստոսն ու Նարեկացու գթառատութիւնը

ԺԷ

Գրիգորը եկաւ քեռու մօտ` նրա վանք: Վերջինս ասաց նրան.

- Քո վարդապետ Եղիշէն վախճանուեց: Գնա նրա գերեզման:

[Գրիգորը] ելաւ-գնաց, տեսաւ իր վարդապետի գերեզմանը, համբուրեց այն եւ վերադարձաւ իր վանք: Եկաւ-հասաւ Սուրբ Վարդանի դիմաց: Եւ տեսաւ, որ Քրիստոսն աղքատի ու անդամալոյծի տեսքով ընկած էր ճանապարհին: Գրիգորը ողջունեց նրան եւ կամեցաւ անցնել, սակայն անդամալոյծն ասաց.

- Դո՞ւ ես Գրիգոր Նարեկացին:

Նա ասաց.

- Այո՛:

[Անդամալոյծն] ասաց.

- Աստծո՛ւ սիրուն, առ տար ինձ վանք:

[Գրիգորն] ասաց.

- Ե՛կ ինձ հետ:

- Չեմ կարող,– ասաց [անդամալոյծը],– ինձ շալակդ առ եւ տա՛ր:

Երբ եկան-հասան վանքի ներքեւում գտնուող ջրաղացը, աղքատը ջուր խնդրեց: [Գրիգորը] ջուր առաւ-տուեց նրան: [Աղքատն] ասաց.

- Առուի ջուր մի՛ տուր, այլ տուր աղբիւրի՛ ջուր:

Այդ ժամանակ Գրիգորն աղօթեց առ Աստոած, այդտեղ աղբիւր բխեցրեց եւ ջուր վերցրեց-տուեց աղքատին: Աղքատն ասաց.

- Ես չեմ կարող ձեր վանք գալ, ինձ առ տար Վարագ:

[Գրիգորը], հնազանդուելով նրան, շալակն առաւ եւ տարաւ Վարագ, դրեց եկեղեցու գաւթում: Եկեղեցի մտնելով` երկրպագեց Սեղանին: Վարագի առաջնորդն էր Մխիթար Կախիկ վարդապետը, ով սիրով ընդունեց նրան, իսկ աղքատին չէին տեսնում:

Երեք օր յետոյ սուրբը կամեցաւ գնալ իր տեղը: Եկաւ աղքատի մօտ եւ ասաց.

- Լա՛վ կաց, ահա ես գնում եմ իմ տեղը:

Աղքատն ասաց․

- Այս երեք օր է` այստեղ եմ, եւ ոչ մէկն ինձ չասաց․ «Բարի՛ եկար»: Աստծո՛ւ սիրուն, ինձ տա՛ր քեզ հետ, քանի որ ես անտէր եմ:

[Գրիգորը] նրան առաւ շալակն ու տարաւ: Եկաւ-հասաւ Գաւաղքի դիմաց: Գրիգորը կաղաց եւ չէր կարողանում քայլել: Աղքատն ասաց.

- Ինչո՞ւ ես կաղում: Ես եւս լաւ չեմ զգում․ դիր ինձ գետնին եւ հանգստացիր:

Երբ [Գրիգորը] նրան դրեց գետնին, յետ դարձաւ եւ չտեսաւ աղքատին: Տեսաւ, որ սաստիկ լոյս է ծագել իր շուրջ եւ նայելով վերեւ` տեսաւ Տիրոջը խաչի վրայ: Խաչի վրայից ձայն լսուեց, որն ասաց.

- Ես այն աղքատն եմ, ում դու շալակիդ ունէիր այս վեց օրը: Ով որ յետոյ քո գերեզմանին այցելի երեք անգամ, իր մեղքերին թողութիւն կը գտնի:

[Գրիգորն] այլեւս չտեսաւ նրան եւ եկաւ վանք` իր քեռու մօտ:

Սկզբնաղբիւր: ՄՄ ձեռ. թ. 9861, էջ 12ա-14ա:

⊛⊛⊛

Նարեկացին եւ անողոք տանուտէրը

ԺԸ

Սուրբ Գրիգորին նստեցրին վանքի առաջնորդութեան աթոռին, եւ շարունակ սովորեցնում էր ժողովրդին: Գիւղի տանուտէր Գորգը, ով քառասուն աշխատող մշակ ունէր, եկեղեցի` աղօթքի տեղը, չէր գալիս: Մնաց մինչեւ կիրակի, եւ [Գրիգորն] ասաց նրան.

- Ինչո՞ւ եկեղեցի չես գալիս:

Նա ասաց․

- Շատ մշակ ունեմ. եթէ ես գամ, նրանք չեն աշխատի, իսկ ինձ ձեռք չի տալիս կիրակի օրը չաշխատելը:

Սուրբն ասաց.

- Եթէ կիրակի օրը աշխատեցնես, սատանայի բաժին կը դառնաս:

Գորգը վիրաւորուեց դրանից եւ ձին հեծնելով` գնաց Ոստան, երկու քուրդ բերեց եւ վարդապետի վրայ ուղարկեց: Սրանք շղթայ բերեցին-դրեցին վարդապետի ոտքին, եկեղեցու մէջ գլխիվայր կախեցին երեք օր: Սուրբի աղօթքով շղթան հալուեց, եւ վարդապետն ազատ արձակուեց: Քրդերը, որ սա տեսան, թողեցին, իրենց տեղերը գնացին: Մի քանի օր յետոյ Գորգն առանց հաղորդուելու մեռաւ գիշերը: Առաւօտեան լուր բերեցին վարդապետին: Երբ լսեց, ասաց․

- Հողը մեռելին մուտք չի տայ:

Գորգին տարան թաղեցին եւ երեկոյեան տեսան, որ Գորգը հողի երես է ելել: Եօթ օր` օրը երեք անգամ, թաղում էին, բայց հողը մեռելին մուտք չէր տալիս: Ընտանիքն ու ժողովուրդը լալով գնացին-ընկան վարդապետի ոտքերը եւ նրան առան-բերեցին մեռելի մօտ: Այդ ժամանակ Գրիգորը յիշատակեց Աստուծոյ անունը, խաչակնքեց մեռելի վրայ, եւ իսկոյն մեռելը յարութիւն առաւ, եկաւ-ընկաւ վարդապետի ոտքերը եւ երեք անգամ մեղայ եկաւ Աստուծոյ առաջ: Սուրբն արձակեց նրան մեղքերի կապանքներից: Ապա, երբ մեռելը խաղաղութիւն ձեռք բերեց, հողը նրան մուտք արտօնեց:

Սկզբնաղբիւր: ՄՄ ձեռ. թ. 9861, էջ 14ա-15բ:

⊛⊛⊛

Նարեկացին` պարտիզպան. բերքի շատացում

ԺԹ

Սուրբ Գրիգորը ելաւ-գնաց Ապարանքի Սուրբ Խաչ եւ երկու տարի այդ վանքի պարտիզպանը եղաւ: Օրը մի անգամ պարտէզում քաղ էին անում, իսկ առաւօտեան գնում-տեսնում էին, որ [բերքը] շատացել է: Մշակները գիշերով ելան գաղտնի գնացին պարտէզ: Երբ տեղ հասան, տեսան, որ Գրիգորը բազկատարած եւ ծնրադիր աղօթում էր: Սրբի բերանից ծիրանածաւալ լոյս էր ելնում եւ դարձեալ մտնում բերանը: Մշակները տեսնելով զարմացան եւ գնացին պատմեցին վարդապետին: Վերջինս վեր կացաւ, եկաւ տեսնելու: Հրաշքը տեսնելով` եկաւ-ընկաւ [Գրիգորի] ոտքերը, տարաւ վանք եւ ծայառում էր նրան իբրեւ Աստուծոյ հրեշտակի: Իսկ [Գրիգորը] մտքում ասաց. «Պէտք էր, որ ոչ ոք չիմանար իմ գործերը. այլեւս չեմ կարող այս վայրում մնալ», եւ ելաւ ու գնաց:

Սկզբնաղբիւր: ՄՄ ձեռ. թ. 9861, էջ 9ա-9բ:

⊛⊛⊛

Նարեկացին` հովիւ. Կարոս խաչ

Ի

Նարեկացին հօտաղ էր Ձեւիկ գիւղի տանուտէրի մօտ: Մի օր դաշտում տիրոջ ոչխարներն արածեցնելիս նա մի մեծ կարոս (բոյս) է կտրում եւ խաչի ձեւ տալով` բերում է իր քառասուներկու գառնարած ընկերների մօտ: Սրանք սկսում են երկրպագել Կարոս խաչին: Յանկարծ խաչը թռչում է Գրիգորի ձեռքից, գնում նստում է ածուի մէջ եւ սկսում է փայլփլել: Նոյն գիշերը գիւղի քահանային երազում պատուիրում են Կարոս խաչը դաշտից տուն բերել: Լուսանալուն պէս քահանան կատարում է այդ պատուէրը եւ տուն բերելով` խաչը դնում է մի յատուկ տեղ: Խաչն անհատնում լոյս է սփռում քահանայի տանը: Մի օր գիւղի գզիրը հիւր է լինում քահանայի տանը եւ, իմանալով նրանից Կարոս խաչի գաղտնիքը, մատնում է տանուտէրին: Սա մարդիկ է ուղարկում քահանայի տունը, որոնք խլելով Կարոս խաչը բերում են տանուտիրոջ տունը: Նոյն գիշեր խաչը դադարում է լոյս տալուց, իսկ առաւօտեան էլ մտնում է Նարեկացու աղօթատեղի մօտ եղած հորի մէջ:

Սկզբնաղբիւր: Հ. Նարլեան, Նարեկացու վանքը, «Արեւելք», 1893, թ. 2758:

⊛⊛⊛

Երեք նամակի ու բամբակի հրաշքները

ԻԱ

Երկու վարդապետ կար Սիս քաղաքում: Նրանք լսեցին սուրբ Գրիգորի գործերի մասին, չափուկի (փոքր կողով - Թրգմ.) մէջ ջուր լցրին եւ ուղարկեցին Նարեկացուն: Իսկ սուրբ Գրիգորը ձեռքն առաւ գզած բամբակ եւ մէջը մի պէծ կրակ դրեց, մի արկղիկ լցրեց ջրով, բամբակը կրակով դրեց ջրի մէջ, բերանը փակեց եւ ուղարկեց վարդապետներին` երեք նամակով հանդերձ: Երբ մի նամակը բացեցին կարդացին, մեծ թէ փոքր դարձան սպիտակամօրուս: Երբ երկրորդ նամակը կարդացին, գարուն էր, եւ աշուն դարձաւ, աղբիւրներն ու գետերը ցամաքեցին, մեծ ու պստիկ սեւացան, նրանց երեսներն այլակերպուեցին: Ապա մեղայ եկան սուրբ վարդապետի նկատմամբ: Իսկ երբ կարդացին երրորդ նամակը, որ օրհնութիւն էր, բոլորի գոյնն ու կերպարանքը վերականգնուեցին: Երբ բացեցին արկղիկը, տեսան բամբակը, կրակն ու ջուրը միատեղ, եւ ոչ բամբակն էր այրուել, ոչ կրակը` հանգել ջրից: Զարհուրեցին, զարմացան եւ Աստծուն փառք տուեցին:

Սկզբնաղբիւր: ՄՄ ձեռ. թ. 9861, էջ 15բ-16ա:

⊛⊛⊛

Նարեկացին` հովիւ. ափսէի ու մատանու հրաշքը

ԻԲ

Գրիգոր Նարեկացին գառնարած է լինում մէկի մօտ: Մի օր տէրը Երուսաղէմ է գնում` ուխտի: Ժամանակ անց տանտիրուհին ասիդայ (կերակուր) է եփում եւ ուտելու ժամանակ ինքն իրեն ասում է․ «Երանի այս ասիդան հիմա ամուսնուս առջեւ լինէր»: Գրիգորն ասում է․ «Տուր այդ ափսէն, եւ ես անմիջապէս Երուսաղէմ տանեմ․․․»: Եւ ափսէն առնելուն պէս անյայտանում է: Երեկոյեան դէմ նա Երուսաղէմ է հասնում եւ, կերակուրը տիրոջը տալով, պատմում է կատարուածի մասին: Տէրը չի հաւատում Նարեկացու խօսքերին: Գրիգորը ճշմարտութիւնը ապացուցելու համար ասում է․ «Թող այս ափսէն մօտդ մնայ, տուր ինձ մատանիդ»: Եւ առնելուն պէս առաւօտեան հասնում է տանտիրուհու մօտ: Սա էլ չի հաւատում Նարեկացուն` մտածելով, որ ամուսինը գնալիս մոռացմամբ տանն է թողել մատանին: Բայց երբ ամուսինը վերադառնում է եւ նրա բեռների մէջ գտնւում է ասիդայի ափսէն, համոզւում են, որ իրենց գառնարածը սուրբ է: Կանչում են Գրիգորին եւ, մեծ պատիւներ տալով նրան, ազատում են ծառայութիւնից:

Սկզբնաղբիւր: Հ. Նարլեան, Նարեկացու վանքը, «Արեւելք», 1893, թ. 2758:

⊛⊛⊛

Աստուածածնի երեւումը Նարեկացուն

ԻԳ

Սուրբ Գրիգորը վեր կացաւ գնաց Ռշտունեաց երկիրը, բարձրացաւ լեռը, մտաւ իր քեռու վանքի դիմացի քարայրը եւ այնտեղ եօթ տարի մնաց` աղօթելով ու ողորմութիւն խնդրելով: Եւ մարդկանցից ոչ ոք չճանաչեց նրան: Մի օր սուրբ Մարիամ Տիրամայր Աստուածածինը նրան երեւաց եւ հրամայեց գնալ Երուսաղէմ` Քրիստոսի գերեզմանին երկրպագելու: Սուրբն ասաց նրան.

- Դու ո՞վ ես, որ դա ասում ես ինձ:

[Մարիամը] պատասխանեց.

- Ես Յիսուսի մայրն եմ:

[Գրիգորն] ասաց.

- Չեմ հաւատայ, որ դու նա ես, եթէ քեզ չտեսնեմ այն նոյն փառքով, որով տեսան մոգերի երեք թագաւորները, երբ ընծայում էին իրենց նուէրները:

Յաջորդ օրն առաւօտեան Տիրամայր Աստուածածինն անպատմելի փառքով իջաւ` գրկում պահած մանկացած Աստծուն: [Գրիգորը] ծնկի իջաւ եւ ողբալով ասաց «Աչքն ծով» մեղեդին ի պատիւ նրա: Սաստիկ լոյս էր ծագել ծովի եւ քարայրի վրայ, եւ Աստուածածինը խօսեց սուրբ Գրիգորի հետ եւ ասաց․

- Քեզ շնորհ ու իշխանութիւն կը տամ բազում հրաշքներ գործելու, դեւեր հանելու եւ մարդկանց ու անասունների ամէն ախտ ու ցաւ բժշկելու: Եւ ովքեր ապաւինեն քո բարեխօսութեանը, կʼազատուեն իրենց պարտքերից: Եթէ կինն ամուլ լինի, քո խնդրանքներով որդի կը ծնի եւ ողորմութիւն կը գտնի Աստծուց: Եւ բազում այլ նեղութիւններից կʼազատուեն:

[Գրիգորի] քեռին, տեսնելով քարայրի վրայ ծագած լոյսը, գնաց տեսնելու, թէ ինչ կար նրանում: Տեսնելով քեռորդուն` զարմացաւ, նրա ոտքերն ընկաւ եւ առաւ-բերեց վանք: Մի քանի օրից [Գրիգորը] որոշեց գնալ Երուսաղէմ: Գնաց-հասաւ Երուսաղէմ սուրբ քաղաքը եւ, շրջելով տնօրինական բոլոր վայրերում, համբուրում էր բոլորը ջերմ արտասուքով, մինչեւ եկաւ Քրիստոսի գերեզման եւ տեսաւ Քրիստոսին գերեզմանի վրայ ու երկրպագեց: Իր ուխտը կատարելուց յետոյ վերադարձաւ-եկաւ Հայք:

Սկզբնաղբիւր: ՄՄ ձեռ. թ. 9861, էջ 10ա-11ա:

⊛⊛⊛

Նարեկացին` պարտիզպան. ծիրանի կտերի հրաշքն ու խաչքարի օծում

ԻԴ

Գրիգոր Նարեկացին փախաւ գնաց Հաղբակի վանք, դարձաւ պարտիզպան: Մի օր առաջնորդը ելաւ պարտէզ գնաց: Գրիգորը մի տափակ կողովով պարկուկ (ծիրանի մի տեսակ - Թրգմ.) հաւաքեց տարաւ նրա մօտ: Առաջնորդը չորս պարկուկ վերցրեց-տուեց սուրբ Գրիգորին: Սուրբ Գրիգորը կերաւ եւ կուտը բերանից հանեց-գցեց: Գիշերը առաջնորդն այնտեղ պառկեց եւ տեսաւ, որ չորս ճրագ է վառւում պարտէզում: Փոքրաւորներին ձայնեց թէ` վազէք տեսէք` այն ի՞նչ բան է: Գնացին տեսան, որ չորս պարկուկների կտերն էին: Եկան ասացին: Առաջնորդը գլխի ընկաւ, որ սուրբ Գրիգորի բերանից հանուած կտերն էին: Ասաց. «Հարցնեմ, տեսնեմ` սա ինչ մարդ է»: Բայց [Գրիգորը] հասկացաւ Սուրբ Հոգով եւ ելաւ-փախաւ այդ գիւղից:

Մի մարդ հօր համար խաչ էր սարքել, պիտի բերէր, որ առաջնորդն օծէր: Այդ գիշեր նա լսեց. «Տար, որ Գրիգոր Նարեկացին օծի»: Մարդը շալակեց քարէ խաչը եւ գնում էր: Հանդիպեց սուրբ Գրիգորին: Սուրբն ասաց.

- Այդ ի՞նչ է:

Մարդն ասաց.

- Խաչ է:

Սուրբն ասաց.

- Ո՞ւր ես տանում:

Ասաց.

- Այս գիշեր ձայն լսեցի, որն ասաց թէ` «Տար, որ Գրիգոր Նարեկացին օծի»:

Սուրբն ասաց.

- Ճանաչո՞ւմ ես նրան:

Մարդն ասաց.

- Ոչ տեսել եմ, ոչ լսել:

Սուրբն ասաց.

- Վա՛յր դիր, ես կ'օծեմ: Նա չգիտի:

Մարդը թոյլ չտուեց` [ասելով].

- Ես երկնքից ձայն լսեցի, պիտի նրա՛ն գտնեմ:

Սուրբն ասաց․

- Վա՛յր դիր:

Երբ [մարդը] վայր դրեց [խաչը], սուրբը ծնկի իջաւ եւ երբ կանգնեց ու ձեռքերն առ Քրիստոս Աստուած տարածեց, յանկարծակի լոյս ծագեց երկնքից, իջաւ կանգնեց խաչի վրայ: Մարդը խաչը թողեց, վանք վազեց: Վազեցին, գնացին տեսան, որ քարէ խաչի վրայ լոյսը կամար է կապել: Խաչը վերցրին, բերեցին վանք, վազեցին այստեղ-այնտեղ, բայց [հրաշագործին] չգտան: Ապա հասկացան, որ Գրիգոր Նարեկացին էր: [Վերջինս] այդտեղից գնաց Վանայ ծովի անապատն ու վախճանուեց:

Սկզբնաղբիւր: ՄՄ ձեռ. թ. 5498, էջ 172ա-173ա, «Քարոզք Գր. Տաթեւացւոյ»:

 


Աւանդազրոյցները կարող էք նաեւ ներբեռնել էլեկտրոնային գրքի տեսքով («Աւանդազրոյցներ Գրիգոր Նարեկացու մասին»,Գրահաւաք, 2014), epub եւ mobi ձեւաչափերով։