Նարեկավանք

Նարեկավանքը գտնւում է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Ռշտունեաց գաւառում, Վանայ լճի հարաւային ափի մօտ, Նարեկ գիւղում: X դ.-ում վանքը հիմնադրել են կրօնական հալածանքների պատճառով Բիւզանդիայից փախած եւ Հայաստանում ապաստանած հայ վանականները:

Ստեփանոս Տարօնեցու վկայութեամբ` Նարեկավանքը, Հոռոմոսի վանքը եւ Կամրջաձոր վանքն առաջնորդուել են նոյն կանոնադրութեամբ: Նարեկավանքի գլխաւոր` Ս. Սանդուխտ եկեղեցին եռախորան, արլ. կողմում զոյգ աւանդատներով, արմ. կամարակապ խորշերով, արտաքուստ ուղղանկիւն կառոյց է` ութանիստ թմբուկով եւ բրգաձեւ վեղար ունեցող գմբէթով: Ըստ աւանդութեան` հարաւային խորանում է գտնւում ս. Սանդուխտի գերեզմանը: Եկեղեցուն արլ-ից կից է Գրիգոր Նարեկացու գմբեթաւոր մատուռ-դամբարանը, իսկ հւ-ից` մէկ զոյգ որմնամոյթերով, պայտաձեւ աւագ խորանով գմբեթաւոր դահլիճի յօրինուածքով Ս. Աստուածածին եկեղեցին:

Նարեկավանքը ծաղկում է ապրել Անանիա Նարեկացու, յետագայում` Գրիգոր Նարեկացու վանահայրութեան տարիներին: Անանիա Նարեկացու ջանքերով վանքում հիմնուել է դպրոց, որտեղ ուսանել են Ուխտանէսը, Գրիգոր Նարեկացին եւ ուրիշներ: Գրչութեան այս կենտրոնում կատարուել են Պատարագի եւ ժամերգութեան մեկնութեան ընդօրինակութիւններ, գրուել են ձեռագրեր: Նարեկավանքից մեզ հասած առաջին ձեռագիրը 1069-ին գրուած մի Աւետարան է: Չնայած յետագայում էլ շարունակուել է ձեռագրերի ընդօրինակումը, սակայն Նարեկավանքի դպրոցն այլեւս չի հասել X–XI դդ. իր մակարդակին: 1707-ին Մինաս վրդ. Ղափանցին հիմնովին նորոգել է վանքը: 1787-ին վանահայր Բարսեղ վարդապետը եկեղեցիներին արմ-ից կից կառուցել է ուղղանկիւն, քառամոյթ ընդարձակ գաւիթ, որտեղ թաղուած են Գրիգոր Նարեկացու եղբայր Յովհաննէս վարդապետը եւ Անանիա Նարեկացին: 1812-ին գաւթի արմ. մուտքի առջեւ կառուցուել է եռայարկ զանգակատուն: 1843-ին Նարեկավանքի գմբէթները նորոգել են ճարտարապետ Սահրատ Մեմարբաշին եւ նրա որդի Մովսէսը: 1858-ին վանքը բարեկարգել է Յովհաննէս վարդապետը, 1867-ին վանահայր Յովսէփ Րաբունին Գրիգոր Նարեկացու մատուռ-դամբարանի վրայ կանգնեցրել է մարմարէ խաչքար` վրան քանդակուած Աստուածածինը` մանուկ Յիսուսը գրկին, նրանց առջեւ ծնրադիր` Գրիգոր Նարեկացին: 1884-ին Արիստակէս վարդապետը վանքում բացել է վարժարան: 1896-ին Նարեկավանքի վրայ յարձակուել են քրդերը, սպանել վանահայր Եղիշէին եւ 12 միաբանների: 1901-ին վանքում բացուել է (Ջանշեան ընտանիքի բարերարութեամբ) որբանոց-վարժարան:

Նարեկավանքի ուխտագնացութեան օրերն են Վարդավառի եւ Վարագայ ս. Խաչի տօները: Նարեկավանքից հս-արմ., մօտ 2 կմ հեռու, գտնւում է նուիրական սրբավայր համարուող այն քարայրը, որտեղ ճգնել է Գրիգոր Նարեկացին:

Նարեկավանքն աւերուել է Մեծ եղեռնի ժամանակ:

Մուրադ Հասրաթեան
Աղբիւր` «Քրիստոնեայ Հայաստան» հանրագիտարան, Երեւան, 2002 թ.