Շարական

Տաղերից ու գանձերից բացի, մեզ հասել է նաեւ Նարեկացուն վերագրուող մի շարական՝ յարութեան տէր յերկնից (ԴԿ)՝ «Փառք Քրիստոսի ամենազօր յարութեանն» դարձով։ Այս էջի վերջում՝ շարականի խօսքերից յետոյ, կարող էք նաեւ լսել շարականը՝ Լուսինէ Ղազարեանի եւ Անահիտ Պապայեանի գեղեցիկ կատարմամբ։ Երգի նոտագրութիւնը վերցուած է Նիկողայոս Թահմիզեանի «Գրիգոր Նարեկացին եւ հայ երաժշտութիւնը V-XV դդ.» աշխատութիւնից (Երեւան, 1985 թ.)։

ՇԱՐԱԿԱՆ ՅԱՐՈՒԹԵԱՆ

Փառք Քրիստոսի ամենազօր յարութեանն։
Քրիստոսի ամենազօր յարութեանն
Երկրպագեն քերովբէքն,
Եւ վեցթեւեան սերովբէքն
Հոգեւորական հնչմամբ երգեն՝ ասելով․
- Փառք Քրիստոսի ամենազօր յարութեանն։

Այսօր անուշահոտ բուրմամբ ընթանային սուրբ կանայքն,
Տեսանելով զհրեշտակն արեգակնակերպ փայլմամբ,
Ի վերայ վիմին գոչէր՝ ասելով.
- Փառք Քրիստոսի ամենազօր յարութեանն։

Այսօր արձակեցաք ի կապանաց նախահօրն
Եւ վերստին նորոգմամբ
Յաւիտենական կենացն եղաք ժառանգորդք.
- Փառք Քրիստոսի ամենազօր յարութեանն։

 

Երգում են Լուսինէ Ղազարեանն ու Անահիտ Պապայեանը։